«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Մեր պատմության մետաղյա ասպետները

Մեր պատմության մետաղյա ասպետները
29.06.2018 | 04:19

Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր ազգի պահպանման գրավականը նրա թողած մշակութային ժառանգությունն է, ապա կարելի է վստահաբար ասել, որ հայն անմահ է, իսկ նրա կերտած պատմությունը՝ հաղթական, քանզի անդադար թշնամու հարվածների ներքո նման ժառանգության ստեղծումն ու ժառանգաբար փոխանցումն իրոք խոսում են հայի աստվածատուր շնորհի, իր արժեքների համար անդադրում պայքարելու և այն պահպանելու անկոտրում կամքի մասին, ինչն էլ նրան անմահություն է պարգևում։ Հայապահպան այդ հարստությունը, ի դեպ, բազմաճյուղ ու բազմաշերտ է, որի հաստատուն շիվերից մեկն էլ հայկական դրամների պատմությունն է՝ թղթից և թանաքից զորեղ մի զենք, որը ոչ միայն ճշգրտորեն պատմում է ու վկայում, փաստում է ու հաստատում, այլև լուսաբանում է մեր հազարամյա պատմության մութ, մոռացված ու աղճատված էջերը։

Մենք այն քիչ ազգերի թվին ենք պատկանում, ովքեր կարող են հպարտանալ իրենց այդքան հին դրամահատության պատմությամբ, որի ակունքները հասնում են մինչև Ք.ա. 8-րդ դար։ Հատկանշական է, որ իր աշխարհագրական դիրքով պատմական Հայաստանը գտնվում էր այն տարածքի, այն է՝ Փոքր Ասիայի արևմտյան մասում գտնվող Լիդիա պետության անմիջական հարևանությամբ, որտեղ Ք.ա. 8-րդ դարի վերջին - 7-րդ դարի սկզբում ոսկու և արծաթի բնական համաձուլվածքից (էլեքթրում) առաջին անգամ դրվագվել է մետաղադրամը: Մի քանի տասնամյակ անց Էլբա կղզում պատրաստվել է առաջին արծաթե դրամը, որի նյութը մաքրված էր խառնուրդներից: Հետագայում այդ դրամները տարածվել են աշխարհի ողջ տարածքով, ինչից անմասն չի մնացել նաև Հայաստանը. միջազգային առևտրի շրջանակներում դրանք Սիրիայից ու Միջագետքից Եփրատի ու Տիգրիսի վրայով բերվել են Արաքսի հովիտը և այնուհետև Կուրի ավազանով տարվել դեպի Վրաստան ու Աղվանք։

Այնպես որ, զարմանալի չէ, որ Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. 6-5-րդ դարերին: Որպես եզակի նմուշներ մեզ հասած այդ գտածոները արխայիկ պատկերատիպի արծաթյա դրամներ են (աքեմենյան մեկ դրամ՝ հայտնաբերված նախկին Երևանի նահանգում, Աթենք քաղաքում դրվագված VI-V դարերի ատտիկյան մեկ չորեքդրամյան՝ հայտնաբերված Սիսիան քաղաքում և հունական Միլետ քաղաքում VI-V դարերում թողարկված երկու խիստ փոքր արժեչափի (արծաթի քաշով` մոտ 0,8 գրամ) դրամական միավոր՝ բացահայտված 1956 թ. Էրեբունի ամրոցի հնագիտական պեղումների ժամանակ), որոնք, սակայն, բացառիկ լինելով՝ հնարավորություն չեն ընձեռում դատելու հայկական շուկաներում իրենց ունեցած դերի ու նշանակության մասին։ Ամենայն հավանականությամբ այդ ժամանակահատվածում Հայաստանում դրամական տնտեսությունը դեռ նոր-նոր է սկսել զարգանալ, ու Հայկական լեռնաշխարհի այն մասերում, որոնք հեռու էին միջազգային առևտրի ոլորտից, իշխել է ապրանքափոխանակության բնատուր ձևը։ Բայց այն, որ Հայաստանի դրամական տնտեսությունը Ք.ա. VI-V դարերում սկսել է զարգանալ և զարգացել է Աքեմենյան Իրանի դրամակշռային համակարգով, քանզի դրամների թողարկման իրավունքն այդ շրջանում վերապահված էր բացառապես աքեմենյան արքաներին, կասկածից վեր է։ Հիմնական միավորը ոսկու գծով կոչվել է «դահեկան» կամ «դարեհկան»՝ սերված աքեմենյան Դարեհ I թագավորի անունից, չնայած իրականում աքեմենյան ոսկեդրամների թողարկումը սկսվել է դեռևս Կյուրոս Մեծի իշխանության տարիներից։ Յուրաքանչյուր միավորի օրինական քաշը սահմանված է եղել 8,4 գրամ։ Արծաթի գծով հիմնական միավորը Հայաստանում կոչվել է «սիկղ»՝ 5,6 գրամ օրինական քաշով։


Հայտնի է նաև, որ դեռևս Ք.ա. IV դարում Հայաստանի աքեմենյան սատրապ Օրոնտես-Երվանդ Բ-ն (Ք.ա. 362 թ., հունատառ) և Հայաստանի արևմտյան մասի կառավարիչ Տիրիբազոսը (Ք.ա. 386-380 թթ., հունատառ ու արամեատառ) իրենց դիմապատկերներով դրամներ են հատել, որոնք, սակայն, հատվել են ոչ թե Հայաստանում, այլ (համապատասխանաբար) Մյուսիայում և Կիլիկիայի Իսոս, Սոլի, Մալոս և Տարսոն քաղաքներում իրենց իշխանության տարիներին, ուստի թե՛ իրենց ծագմամբ, թե՛ շրջանառության ոլորտով Հայաստանի հետ կապ չունենալու պատճառով չեն կարող դիտարկվել որպես հայկական կամ հայաստանյան դրամներ։
IV դարի վերջերից Հայաստանն ընդգրկվում է հելլենիստական դրամների շրջանառության ոլորտը։ Հայկական շուկաներ են թափանցում ատտիկյան սիստեմի ոսկե ու արծաթե դրամները։ Ատտիկյան սիստեմի հիմնական միավորը ոսկու գծով կոչվում Էր «ստատեր», հայերենում՝ «սատեր», որի օրինական կշիռը սահմանված էր 8,6 գրամ։ Արծաթի գծով հիմնական միավորը կոչվում էր «դրախմա» 4,36 գրամ օրինական քաշով, որը հայկական աղբյուրներում հիշատակվում է «դրաքմա» կամ «դրամ» անուններով։
Ավելի ուշ միջազգային առևտրի բերումով Հայաստան են թափանցում նաև սելևկյան, պարթևական, ինչպես նաև Հռոմի հանրապետական արծաթյա դրամները։
Արդեն Ք.ա. երրորդ դարի երկրորդ կեսից հայոց թագավորները սկսում են զուգահեռ իրենց սեփական դրամները թողարկել։


Այսպես, Սելևկյան տերության թագավորների նենգ քաղաքականության պատճառով Ք.ա. III դարի կեսին Մեծ Հայքի թագավորության առավել զարգացած երկրամասերից Ծոփքը և Կոմմագենեն անջատվում են և վերածվում առանձին թագավորության: Այստեղ իշխանության գլուխ է անցնում Երվանդական արքայատոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչ Սամոսը (Շամ), որին հաջորդում է նրա որդի Արշամը։ Սամոսի և նրա հաջորդների օրոք թագավորությունում բուռն զարգացում են ապրում քաղաքները: Սամոսը Կոմմագենեում կառուցում է Սամոսատ քաղաքը, իսկ Արշամը՝ Ծոփքում Արշամաշատը, որը դառնում է պետության մայրաքաղաքը: Հենց Ծոփք-Կոմմագենեի հայկական թագավորությունում էլ Սամոսի դրամներով (Ք.ա. մոտ 260 թ.) սկսվում է հայկական դրամագիտության պատմությունը, ինչը մեծագույն նվաճում էր թե՛ քաղաքական (սեփական դրամ կտրելու իրավունքը ինքնըստինքյան վկայում է քաղաքական լիակատար անկախության մասին), թե՛ տնտեսական, թե աղբյուրագիտության (ըստ էության դրամներով է, որ պահպանվել են հին արքաների պաշտոնական դիմանկարները, նրանց արդուզարդի տարրերը) տեսանկյունից։


Առաջին հայկական դրամները, որոնք թողարկվել են Սամոս (Ք.ա. մոտ 260-240 թթ., «Արքայի Սամոսի»), Արշամ I (Ք.ա. մոտ 240-230 թթ., «Արքայի Արշամի»), Արշամ II (Ք.ա. մոտ 230-220 թթ., «Արքայի Արշամի»), Քսերքսես (Ք. ա. մոտ 220-210 թթ., «Արքայի Քսերքսեսի»), Աբդիսսարես (Ք.ա. մոտ 210 թ., «Արքայի Աբդիսսարեսի») թագավորների իշխանության տարիներին և ունեցել են զուտ տեղական նշանակություն, իրենց կշռային տվյալներով ատտիկյան են` ձևավորված հելլենիստական դարաշրջանին յուրահատուկ ոճով. դիմերեսին պատկերված են Հայոց թագավորների դիմանկարները (կիսանդրիները՝ դեմքով դեպի աջ), ովքեր հելլենիստական միապետների նման (բացառությամբ Քսերքսեսի և Աբդիսսարեսի), առանց մորուքի և ընչացքի են և կրում են արքայական գլխարկներ, իսկ դարձերեսին՝ պաշտամունքային խորհրդանշաններ (արծիվ, արշավող ձիավոր, հաղթանակի թևավոր դիցուհու կամ ռազմի աստվածուհի Աթենասի, պտղաբերության, արգասավորության աստվածուհի Անահիտի կերպարները և այլն) արքայի անունը, տիտղոսաշարը, տարեթիվը և մենանշանը։ Ընդ որում՝ արքայի անունն ու տիտղոսը, ինչպես նաև թվագրումը բացառապես հունարեն են։ Պղնձյա այդ դրամները պատրաստվել են ձեռքով հատման եղանակով, ուստի չէին կարող անթերի կլոր տեսք ունենալ, ինչն այն ժամանակ այնքան էլ կարևոր չէր. կարևորը ճիշտ քաշը պահպանելն էր։ Ծոփքի հայ թագավորների դրամները թողարկվել են հավանաբար Արշամաշատ, Արկաթիակերտ և այլ հայկական քաղաքներում։


Ծոփք-Կոմմագենեում Սելևկյանների դիրքերն ամրապնդելու և հայկական իշխող խավերին սիրաշահելու նպատակով Անտիոքոս III Մեծը զիջում է գանձվող հարկերի մի մասը և իր քրոջը կնության տալիս Քսերքսեսին։ Սակայն վերջինս չի դառնում նվաճողների հլու կամակատարը, ինչի համար շուտով Անտիոքոս III Մեծը քրոջ միջոցով դավադրաբար սպանում է նրան և Կոմմագենեն ու Ծոփքը վերածում Սելևկյան պետության առանձին վարչամիավորների։ Ծոփքում ստրատեգոս (ռազմական և վարչական կառավարիչ) է կարգվում Զարեհը (հավանաբար նույն արքայատնից), իսկ Կոմմագենեում` Պտղոմեոսը։ Բայց նրանք այդքանով չեն սահմանափակվում. Սելևկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը, հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ, տապալում են Երվանդ IV-ին և նվաճում Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ (ստրատեգոս) է կարգվում Արտաշեսը: Արդյունքում ստեղծվում են միմյանցից անկախ չորս հայկական թագավորություններ՝ Փոքր Հայքում` Միհրդատի, Ծոփքում` Զարեհի, Կոմմագենեում` Պտղոմեոսի, իսկ Մեծ Հայքում՝ Արտաշեսի գլխավորությամբ։ Եվ չնայած այդ մասնատմանը՝ մշակույթը հայկական թագավորություններում շարունակում է ծաղկում ապրել, շարունակվում է նաև հայկական դրամահատության պատմությունը։ Կոմմագենեի թագավորությունում դրամներ են հատվում Պտղոմեոսի (Ք.ա. մոտ 163), Միհրդատ Առաջին Կալլինիկոսի (Ք.ա. 96-70 թթ.), Անտիոքոս Առաջին Թեոսի (Ք.ա. 60-34 թթ.), իսկ Ծոփքում՝ Զարեհի (Ք.ա. մոտ 190 թ.), Մորփիլիգի (Ք.ա. մոտ 150), Արտանեսի (Ք.ա. մոտ 110) և Արշակի (Ք.ա. մոտ 90) գահակալության տարիներին։ Ի դեպ, դրամագետներին հաջողվել է պարզել, որ Զարեհ անունով և պատկերով հայտնաբերված պղնձե դրամը հատվել է հենց Ծոփքում։
Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը հռոմեացիներից ծանր պարտություն է կրում: Օգտվելով սելևկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում Արտաշես Ա-ն, Հայաստանից անջատված ծայրամասային երկրամասերը (բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների) վերամիավորելով, ստեղծում է միասնական, համազգային պետություն, և արքայատոհմը կոչվում է Արտաշեսյան, որը գահակալում է Ք.ա. 189- Ք.հ. 1-ին։ Արտաշես Ա-ն Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում հիմնադրում է նոր մայրաքաղաք՝ Արտաշատը։ Արտաշես Բարեպաշտի նվաճողական քաղաքականությունը շարունակվում է նրա հաջորդների, մասնավորապես՝ Տիգրան Մեծի օրոք, որը 94 թ. Մեծ Հայքին է միացնում նաև Ծոփքը։ Երկրի հետագա զարգացումը, նրա քաղաքական-տնտեսական հզորացումը II-I դարերում պայմանավորում է նաև հայկական դրամների ավելի ծավալուն թողարկում, ինչի վկայությունը Արտաշատ մայրաքաղաքում հիմնադրված համապետական անդրանիկ դրամահատարանն է, որի հիմնադիր արքան, ցավոք, հայտնի չէ։


Արտաշեսյան արքաներից դրամներ են հատել Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ., պղնձյա դրամներ, «Արքայի Մեծի Արտաշեսի), Տիգրան Ա-ն (Տիրան, պղնձյա դրամներ, Ք.ա. մոտ 115-95 թթ., «Արքայի Մեծի Տիգրանի», «Արքայի Մեծի Տիգրանի հելլենասերի»), Տիգրան Բ-ն (Ք.ա. 95-55 թթ., արծաթյա ու պղնձյա դրամներ, «Արքայի Տիգրանի», «Արքայից արքայի Տիգրանի»), Զարեհը (Ք.ա. 72 թ., «Արքայից արքայի Զարեհի»). սա Տիգրան Բ-ի ավագ որդին է, որն ապստամբեց հոր դեմ Ք.ա. 72 թ. և հատեց դրամ), Արտավազդ Բ-ն (Ք.ա. 55-34 թթ., արծաթյա ու պղնձյա դրամներ, «Արքայից արքայի Արտավազդի», «Արքայից արքայի Արտավազդի աստվածայինի»), Արտաշես Բ-ն (Ք.ա. 34/ 30-20 թթ., պղնձյա դրամներ, «Արքայի Մեծի Արտաշեսի»), Տիգրան Գ-ն (Ք.ա. 20-8 թթ., արծաթյա ու պղնձյա դրամներ, «Արքայի Մեծի Տիգրանի», «Արքայի Մեծի Տիգրանի հայրենասերի արդարև հելլենասերի», «Արքայի Մեծի Տիգրանի աստծու»), Տիգրան Դ-ն (Ք.ա. 8-5 և 2-1 թթ., պղնձյա դրամներ, «Արքայի Մեծի Տիգրանի», «Արքայի Մեծի Տիգրանի հելլենասերի»), Արտավազդ Գ-ն (Ք.ա. 5-2 թթ., պղնձյա դրամներ) Տիգրանը և Էրատոն (Ք.ա. 2- Ք.հ.1 թթ., պղնձյա դրամներ, «Արքայից արքայի Տիգրանի և Էրատո՝ քույրը արքայի Տիգրանի», «Թագավոր Մեծ, Նոր Տիգրան»), որոնք նույնպես թողարկվել են ատտիկյան չափա-քաշային համակարգով, որի հիմքում հունական դրախման էր՝ 4,36 գ նոմինալ քաշով։


Փաստորեն հայկական դրամահատության պատմությունը Արտաշեսյանների օրոք ոչ միայն շարունակվում է, այլև ընդլայնվում է հայկական դրամների շրջանառության ոլորտը. Տիգրան Մեծի օրոք դրանք ընդունվում են ոչ միայն ներքին, այլև արտաքին առևտրի միջազգային գործարքներում։ Ընդլայնվում է նաև դրամների տեսականին. պղնձյա դրամների կողքին ի հայտ են գալիս ոսկյա և արծաթյա դրամներ, որոնք առաջին իսկ հայացքից ճանաչելի էին բազմատեսակ օտարամուտ դրամների շարքում, քանզի դրանց վրա պատկերված հայ արքաները կրում էին մի թագ (Արշակունիների արծաթե և բրոնզե դրամների վրա պատկերված հայկական թագը պատմիչները կոչում են «խույր»), որի նմանը չկար ժամանակակից և ոչ մի վեհապետի մոտ՝ ո՛չ Արևելքում և ո՛չ էլ Արևմուտքում՝ բացառությամբ հայկական ծագում ունեցող կոմմագենյան որոշ արքաների։ Արքայական այդ թագը, որը ծնվել էր Արտաշեսյանների իշխանության վաղ շրջանում և կատարյալ դարձել Տիգրան Մեծի օրոք, վերևում ավարտվում է երբեմն սղոցի ատամներ հիշեցնող ճառագայթաձև ելուստներով, իսկ ներքևից երկար, մինչև ուսերը հասնող ականջակալներով ու վզկալով, ընդ որում՝ ճակատային մասում թագի վրայից կապված է արքայական ժապավենը։ Կենտրոնում պատկերված է ութաթև աստղ, որի աջ և ձախ կողմերում կանգնած են երկու արծիվներ՝ թիկունքով դեպի աստղը, բայց գլուխները դեպի այն շրջած։ Ի դեպ, բացառություն է կազմում Տիգրան Բ-ի հազվագյուտ տետրադրախման, որի վրա թագի աստղն ունի ոչ թե ութ, այլ վեց թև: Կարծիք կա, որ այդ աստղը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հալլեյի գիսավորը, որը երևացել է Տիգրան Մեծի գահակալության տարիներին։ Պետք է նաև նշել, որ ուշ Արտաշեսյան արքաների դրամների վրա թագի տարրերից մի քանիսը բացակայում են, բայց աստղը միշտ առկա է։ Դրամների վրա հաճախ դիտվում են նաև արքաների ծիրանու ծալքերը՝ ճարմանդված աջ ուսի մոտ։
Դրամների դարձերեսին դրոշմում էին դիցաբանական կամ խորհրդանշական պատկերներ, առավելապես երկրի մայր աստվածուհու կերպարը՝ բազմած ժայռաբեկորների վրա, բրգաձև թագը գլխին, ձեռքին՝ արմավենու ճյուղ, իսկ ոտքերի տակ` ջրի աստվածության անձնավորումը՝ լողացող մարդու մերկամարմին կերպարանքով, ինչպես նաև արքայի անունն ու տիտղոսը՝ նույնպես հունարեն գրերով:


Կարևոր է նշել, որ Տիգրան Մեծի օրոք հատվել են ինչպես արծաթե և պղնձե, այնպես էլ ոսկյա դրամներ, որոնցից մեկը պահվում է Սբ Էջմիածնի վանքի տաճարի ներքին թանգարանում (այն 1910 թ. Երվանդ Լալայանը Վանի ռուսական փոխհյուպատոս Օլֆերիևից նվեր էր բերել Մատթեոս Բ ամենայն Հայոց կաթողիկոսին, ում կարգադրությամբ էլ այդ դրամը զետեղվել էր Սբ Էջմիածնի թանգարանում), իսկ մյուսը՝ Հռոմի Վատիկանի թանգարանում։ Ի դեպ, Սբ Էջմիածնի վանքի տաճարի ներքին թանգարանում պահվող ոսկյա այս դրամը էապես տարբերվում է մինչ օրս թողարկված նրա արծաթյա և պղնձյա դրամներից. դրա վրա Տիգրան Մեծն ավելի երիտասարդ դիմագծերով է, իսկ թագի վերին մասի արծաթյա դրամների մի կողմի վրա երևացող հինգ պարզ ժանիքների փոխարեն ունի հինգ մարգարտյա ժանիք, որոնցից բարձրերը մանր մարգարիտներ են, միջինները՝ միջին, իսկ թագի վերին եզրինները՝ բոլորովին խոշոր: Դարձերեսը նույնպես աննախադեպ է. եթե մյուս դրամների վրա Սիրիայի պաշտպան դիցուհի Անտիոքիան միշտ ներկայացված է արմավենու ճյուղով կամ պատկերված է միայն արմավենի, այստեղ նրա աջ ձեռքում ոսկյա սափոր է, որը նա մեկնում է Սիրիայի տիրողին, այն է՝ Տիգրան Մեծին։


Ի տարբերություն ոսկյա դրամների՝ Տիգրան Մեծի արծաթյա դրախմանոցները (մեկդրամյան) և տետրադրախմանոցները (չորեքդրամյան), ինչպես նաև ներքին մանր առուծախի համար նախատեսված պղնձյա մեկ, կես և քառորդ միավորները շատ ավելի տարածված էին, որոնք հատվել են ինչպես Արտաշատի ու Տիգրանակերտի դրամահատարաններում, այնպես էլ Սիրիայի քաղաքներում՝ Անտիոքում և Դամասկոսում: Ի դեպ, Հայաստանում հատված դրամները կրում են «Արքայից արքայի Տիգրանի», իսկ Անտիոքում և Դամասկոսում հատվածները՝ «Արքայի Տիգրանի» գրությունները։


Արտաշեսյանների դրամահատության պատմությունն ամփոփվում է այսպես կոչված Նոր Տիգրանի և նրա քրոջ՝ Էրատոյի դրամներով, որոնք պղնձից են և հայտնի են հազվագյուտ նմուշներով։ Դրանք ուշագրավ են նրանով, որ ներկայացնում են թագուհու դիմանկարը, որը բացառիկ երևույթ է Արտաշեսյան տոհմից մեզ հասած պատկերների շարքում։ Էրատոն ներկայացված է հռոմեական տիրուհիներին բնորոշ ձևով, առանց թագի, գլխահետևում ամփոփված վարսերի գնդով։ Նրա պատկերի շուրջ նշված հունատառ արձանագրությունը հաղորդում է, որ նա Տիգրան թագավորի քույրն է, որն իր դիմագծերով (անմորուս է) տարբեր է նախորդ մորուքավոր Տիգրան Դ-ից, ում հետ հաճախ շփոթում են որոշ մասնագետներ։
Փաստորեն, Արտաշեսյանների անկումով դադարում է նրանց դրամների թողարկումը։ ՈՒ թեև հայոց գահին բազմած կայսերական Հռոմի դրածո Արտավազդ Դ-ն (4-6 թթ.) արծաթյա դրամներ է հատում, դրանք թե՛ իրենց կշռային տվյալներով, թե՛ պատկերներով միանգամայն հռոմեական են։ Նրանց մի կողմին պատկերված է Հռոմի կայսեր Օգոստոս Օկտավիանոսի գլուխը՝ զարդարված դափնեպսակով (հին հռոմեական սովորության համաձայն՝ հաղթողներին դափնիներով էին պսակում), որի շուրջը արձանագրված է «Աստծու կայսեր բարերարի», իսկ դրա հակառակ կողմին ներկայացվում էր Արտավազդի դիմանկարը, ընդ որում՝ առանց Արտաշեսյանների հայկական թագի, միայն վարսակալ ժապավենով, որը բնորոշ էր ժամանակի հռոմեական իշխողներին։ Նրա անվան շուրջը նշված են «Արքայի Մեծի Արտավազդի» խոսքերը։ Արծաթյա այս դրամի պատկերատիպը ինքնըստինքյան արտացոլում է այն կախյալ քաղաքական վիճակը, որի մեջ գտնվում էր Հայաստանը Արտավազդ Դ-ի օրոք։ Մինչդեռ մեկ տարի անց Հայաստանում թագավորական գահին բարձրացած Հրեաստանի Հերովդես Մեծի թոռան՝ Տիգրան Ե-ի ( 6 թ.,) թողարկած պղնձյա դրամների վրա վերջինս պատկերված է գլխին հինավուրց հայկական թագով և «Արքայի մեծի Տիգրանի» գրությամբ, որը հավանաբար կամեցել է պահպանել Արտաշեսյանների ավանդույթներն այնպիսի մի ժամանակ, երբ դրանք անկում էին ապրում։


Արտաշեսյաններից հետո հայ ազգային դրամների թողարկումը դարերով կանգ է առնում, և Հայաստանի քաղաքական վիճակի մասին պատմում են հետագա շրջանի կայսերական Հռոմի ոսկյա (Աուրեուս, 8,19 գրամ), արծաթյա (Դենար, այսինքն՝ «տասանոց», 3,9 գրամ) ու պղնձյա (Սեստերցիա, 27,3 գրամ) դրամները։ Հայաստանում հատկապես մեծ թիվ են կազմում Օգոստոս Օկտավիանոսի և նրա երկու որդիների՝ Գայուսի ու Լուցիուսի պատկերներով թողարկված դենարները, որոնք հայտնաբերվել են Էրեբունի և Գառնի ամրոցներում, Արտաշատի և Դվինի ավերակներում, Արթիկում, Կոշում, Իջևանում, Էջմիածնի շրջակայքում և այլուր։ Հարկ Է նշել, որ առանձին հռոմեական զորավարներ սովորություն էին դարձրել իրենց արշավանքների ու հաղթանակների փառքը հավերժացնելու համար ոսկյա, արծաթյա ու պղնձյա շքադրամներ թողարկել, որոնք իրենց վրա ունեցած պատկերներով ու գրություններով հաղորդում Էին տեղեկություններ այն երկրների մասին, որոնք այս կամ այն առիթով դարձել Էին Հռոմի ագրեսիվ քաղաքականության զոհը։ Հայաստանի համար առաջին հռոմեական շքադրամները թողարկել է Մարկոս Անտոնիոսը։ Դրանք դենարներ էին, դրվագված Ք.ա. 35-34 թթ. Փոքր Ասիայում և հավանաբար Հայաստանի մայրաքաղաք Արտաշատում՝ «Հայաստանը հաղթված» է գրությամբ։


Հայաստանում վաղ կայսերական այս դրամների տարածման հետ, որ սկսվել էր դեռևս մինչ Արշակունիների թագավորության հաստատումը, խիստ հազվադեպ, հատուկենտ նմուշներով, դիտվում է նաև պարթևական դրամների թափանցումը։ Դրանցից նախ և առաջ ներկայանում են Վոնոն Ա (8-16 թթ.) պարթև արքայի իշխանության տարիներին թողարկված ատտիկյան կշռային չափերի արծաթյա և պղնձյա դրամային միավորները։ Վոնոն Ա-ի դրամները պատկանում են պարթևական ծագում ունեցող այն հազվագյուտ դրամների շարքին, որոնց վրա արքայի պատկերի շուրջ նշված են նրա տիտղոսները և անձնանունը, մինչդեռ մինչ այդ պարթև արքաների անձնանունները դրամների վրա չէին արձանագրվում։ Արքայական անձնանունների հիշատակումը բնորոշ էր Արևմուտքի հելլենիստական միապետներին և այնուհետև՝ Հռոմի կայսրերին։ Վոնոնի դրամները թողարկվել են ոչ միայն Իրանում, այլև հավանաբար Հայաստանում (Տիգրանակերտում), որտեղ վերջինս կարճ ժամանակով (12-16 թթ.) թագավորել է՝ պաշտոնապես հաստատված Հռոմի կողմից։


66 թվականից սկսած մինչև 428 թթ. հայոց գահին է բազմում Հայ Արշակունիների արքայատոհմը, որը սերում էր պարթև Արշակունիների արքայատնից։ Արշակունի արքաները, սակայն, իրավական կախյալ վիճակով պայմանավորված, դրամ հատելու իրավունք չունեին (Հայաստանում Արշակունիներն անգամ հայկական գահի վրա ժառանգական իրավունք չունեին. թագավորները մինչև III դարը առաջադրվում էին պարթևական Իրանից և օծվում կայսերական Հռոմի կողմից): Այն վերապահված էր Արշակունյաց տոհմի մեծ տանը՝ Իրանի Արշակունիներին՝ Պարթևական թագավորությանը։ Սկզբնական շրջանում Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հարևան երկրների՝ հիմնականում Հռոմեական կայսրության դրամներով: Դրա վառ ապացույցներից է Գառնիում գտնված հռոմեական գանձը՝ ամփոփված 49 դրամով։


II դարի վերջերին ծագում են հայոց մայրաքաղաք Արտաշատի պղնձյա դրամները՝ «Արտաշատ մայրաքաղաք» մակագրությամբ, որոնք հատվում էին ոչ թե հայոց արքայի կամ հռոմեական կայսեր անունից, այլ հենց մայրաքաղաքի: Դրանք քաղաքային դրամներ էին՝ հիմնականում պղնձից, և շրջանառվում էին տվյալ քաղաքի սահմաններում, սակայն խոսում էին քաղաքի կարևոր նշանակության մասին, քանզի նման իրավունք նվաճել էին միայն միջազգային առևտրի, մշակույթի և վարչական խիստ սակավաթիվ կենտրոններ. մինչ այդ հայկական քաղաքներից և ոչ մեկը իր ինքնավարության դրամներ չի թողարկել։
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ այդ դրամների գրությունները հունարեն էին, թեպետ Հայաստանը վաղուց գտնվում էր հռոմեական ազդեցության ներքո, և կայսերական դրամները լատինատառ էին: Սա կարող է վկայել ներմուծված գրերի հարցում տեղական կայուն ավանդույթների գոյության մասին: Նաև այն, որ քաղաքի ավերումից և հռոմեացիների կողմից Վաղարշապատը մայրաքաղաք հռչակվելուց ուղիղ քսան տարի անց՝ 183 թ., Արտաշատը հատել է հատուկ դրամ, վկայում է, որ անցած տասնամյակների ընթացքում այն կրկին վերաշինվել է և շարունակել առաջնային դեր խաղալ ոչ միայն երկրի տնտեսական կյանքում, այլև միջազգային առևտրում։


Այդ դրամների մի կողմում պատկերված է աստվածամայր Անահիտը՝ մայրաքաղաքի հովանավորը, մյուսին՝ դափնեպսակ պարզած Հաղթանակի թևավոր դիցուհին։
III դարի կեսերից սկսած շրջանառության մեջ են դրվում նաև Սասանյան Իրանի դրամները, որոնց վիճակված էր մինչև VII դարը տիրապետող դառնալ Հայաստանի և հարևան երկրների դրամական տնտեսության մեջ, իսկ V դարի վերջից՝ Բյուզանդական կայսրության դրամները: VII դարի երկրորդ կեսին Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի նվաճումից հետո դրամաշրջանառությունը կատարվում է Օմայան արքայատոհմի, իսկ ավելի ուշ՝ Աբբասյանների դրամներով։ Արաբական խալիֆայության դրամներից Հայաստանում շրջանառվել են արծաթե դիրհեմներ, պղնձե ֆելսեր և սահմանափակ քանակությամբ ոսկե դինարներ։ X դարի վերջին արծաթե դիրհեմները փոխարինվել են Բյուզանդական ոսկե դրամներով, որոնք տարածաշրջանում կատարել են համաշխարհային դրամի դեր: Զուգահեռ շրջանառության մեջ սկսել են թափանցել սելջուկ տիրակալների մետաղադրամները:
885 թվականին հայոց պետականությունը կրկին վերականգնվում է։ Իշխանության է գալիս Բագրատունիների արքայատոհմը, որն իշխում է մինչև 1045 թ։ Բագրատունյաց հարստության արքաների հատած դրամների մասին, ցավոք, նույնպես տեղեկություններ չունենք, բացառությամբ Բագրատունյաց հարստության Լոռվա ճյուղի Կյուրիկե Բ թագավորի եզակի դրամների, որոնցից հինգը այժմ պահվում են Երևանի պատմության թանգարանում։ Դրանք մեզ հայտնի հայատառ մակագրությամբ առաջին դրամներն են, որոնց դիմերեսին Հիսուս Քրիստոսի պատկերն է՝ դիմացից՝ երկու կողմում գրված ՝ «ՅՍ ՔՍ», այն է՝ «Հիսուս Քրիստոս», իսկ դարձերեսին՝ «Տե՛ր, օգնիր Կյուրիկե Կյուրոպաղատին»։ Այս մետաղադրամները, որոնք հատվել են Ախթալայի՝ Կյուրիկյան թագավորների դրամահատարանում, պղնձից են՝ 3-8 գրամ կշռով և ամբողջությամբ ձևավորված են նույն ժամանակաշրջանի բյուզանդական դրամների տեսքով (շատ նման են Անի քաղաքում Կոստանդին Մոնամախ և Վասիլ Բ կայսրերի թողարկած բյուզանդական դրամներին (1045-1064 թթ.)): Պետք է նշել, որ կան տեղեկություններ նաև Կյուրիկե Բ թագավորի արծաթե մետաղադրամների վերաբերյալ:
Իհարկե զարմանալի է, որ Բագրատունի հզոր տիրակալները սեփական դրամ չեն հատել։ Հնարավոր է՝ վերջիններս օտար կապիտալի շրջանառությամբ ցանկացել են ավելի զարգացնել Հայաստանի տարածքով անցնող միջազգային առևտուրը։ Առավել ևս, որ նրանց օրոք Դվինում և Պարտավում թողարկվել են արաբական դրամներ։ Եվ թեև XII-XIII դարերում Հայաստանում հաստատված Զաքարյանները նույնպես շարունակել են Բագրատունի թագավորների քաղաքականությունը՝ սեփական դրամ չհատելով, և Հայաստանում շրջանառվել են Ախթալայում հատված վրացական դրամները, Հայաստանի ու հայ վաճառականության դերն այնքան մեծ է եղել, որ քրդական ծագմամբ որոշ ամիրաներ իրենց դրամների վրա պատկերել են Քրիստոսին, Աստվածամորը՝ հայերեն արձանագրություններով։ Մոնղոլական դրամները ևս, որոնք միջազգային մեծ շրջանառության մեջ են եղել, արձանագրվել են հայերեն և արաբերեն։
Մեր թվարկության 11-րդ դարի վերջին Փոքր Հայքի և Ծոփքի տարածքում կազմավորվում է Կիլիկիայի հայկական թագավորությունը, որի պատմությունը պայմանականորեն բաժանված է երկու տարբեր ժամանակահատվածների՝ իշխանական (1080-1198 թթ.) և թագավորական (1198-1375 թթ): Իշխանապետության շրջանում Ռուբինյան իշխաններից ոմանք (Ռուբենը, Թորոսը, Լևոնը) թողարկել են պղնձե դրամներ, որոնք կրել են խաչակրաց դրամների պատկերագրության ազդեցությունը, բայց ունեցել են հայերեն գրություններ։ Այդ շրջանի մետաղադրամների վրա բացակայում է տիրակալի պատկերը։ Բոլոր մետաղադրամների վրա կան քրիստոնեական խորհրդանշաններ՝ տարբեր մեկնաբանությամբ: Դարձերեսին տարբեր խորհրդանշական պատկերներ են, այդ թվում՝ ամրոցների պատկերներ, ռազմական խորհրդանիշներ:


Թագավորության շրջանում Լևոն Ա-ից սկսած առատորեն թողարկվել են պղնձե, արծաթե, երբեմն՝ բիլոնե (արծաթի ցածր պարունակությամբ համաձուլվածք) և սահմանափակ քանակով ոսկե դրամներ, որոնք հատվել են Սիսի, Այասի և Տարսոնի դրամահատարաններում: Ոսկե դրամները կոչվել են «դահեկան», արծաթե դրամները՝ «դրամ», «թագվորին»։ Արծաթե թողարկումները շատ տարածված են եղել: Նրանք սկզբնական շրջանում թողարկվել են բարձրորակ արծաթից և եղել են տարբեր անվանական արժեքների՝ երկդրամ, դրամ, կես դրամ: Հետագայում, տնտեսաքաղաքական գործոնների ճնշման տակ, թողարկվել են ավելի ցածրորակ արծաթե մետաղադրամներ՝ թագվորիններ։ Պղնձե դրամները կոչվել են «դանգ», «քարտեզ», «փող»։ Այսպես՝ ամենախոշոր պղնձե մետաղադրամը կոչվել է «դանգ» (հունական օբոլից), որը թողարկվել է միայն Լևոն Առաջինի ու Հեթում Առաջինի ժամանակ: Լևոն Երկրորդի և նրան հաջորդած արքաների օրոք հատվել են միջին չափի պղնձե մետաղադրամներ՝ «քարտեզներ» (լատիներեն քարտեզ՝ դրվագել բառից): Իսկ արդեն Կիլիկյան վերջին արքայատոհմի՝ Լուսինյանների կառավարման ժամանակ դրվագվել են ամենափոքր պղնձե դրամները՝ «փող» (բյուզանդական ֆոլիսից):


Որոշ Կիլիկյան արքաներ թողարկել են նաև «օծման» դրամներ։ Կիլիկյան դրամները բնորոշվում են հայկական, եվրոպական և արևելյան տարրերից հյուսված ինքնատիպ պատկերագրությամբ և հայերեն գրություններով, չնայած իր թագավորման սկզբում Լևոն Բ-ն (1198-1219 թթ.) թողարկել է նաև լատիներեն գրությամբ դրամներ, իսկ Հեթում Ա-ն (1226-1269 թթ.), Փոքր Ասիայի սելջուկյան սուլթանների հետ համատեղ՝ երկլեզվյան դրամներ՝ մի կողմում հայատառ, մյուսում՝ արաբատառ գրություններով: Սա վկայում է հայկական դրամի միջազգային մեծ նշանակության մասին:


Կիլիկիայի թագավորության անկումից հետո ազգային դրամների թողարկումը երկար ժամանակով ընդհատվում է: Հետաքրքիր է նշել, որ մոնղոլ-թաթարների իշխանության օրոք, մասնավորապես` Աբուսհաիդ խանի կառավարման տարիներին, նրա թողարկած դրամների վրա հանդիպում է Երևանի դրամահատարանի հիշատակումը:
XIII դարի սկզբից Հայաստանի հյուսիսում և արևելքում սկսում են շրջանառվել վրաց թագավորների, հիմնականում՝ Թամար թագուհու պղնձե դրամները, իսկ XIII դարի կեսից Հայաստանի դրամաշրջանառության մեջ գերիշխող են դառնում մոնղոլական տիրակալների դրամները՝ արծաթե դիրհեմներն ու սակավաթիվ պղնձե ֆելսերը։
Պատմական Հայաստանի տարածքի երրորդ, չորրորդ բաժանումներով պայմանավորված՝ XVI-XVIII դարերում Հայաստանի տարածքի արևելյան մասում դրամաշրջանառությունն իրականացվում է պարսկական շահերի տարբեր տոհմերի, իսկ արևմտյան մասում՝ թուրքական սուլթանների դրամական թողարկումներով:


Ի դեպ, նշված ժամանակաշրջանում մետաղադրամներ են հատվել նաև հայկական խոշոր կենտրոններում` Երևանում, Նախիջևանում, Վանում, Կարսում, Էրզրումում և այլն:
1588 թվականին Ղարաբաղը և մերձակա տարածքները, որոնք գտնվում էին Օսմանյան տիրակալության ներքո, անցնում են պարսկական միապետների տիրապետության տակ:
18-րդ դարի երկրորդ կեսին պարսկական տիրակալության իշխանության թուլացման ժամանակահատվածում, տարածաշրջանում ստեղծվում են կիսանկախ խանություններ՝ Ղարաբաղի, Շիրվանի, Շեքիի, Գյանջայի և այլն: Խանությունները թողարկում են իրենց մետաղադրամները՝ արծաթե աբասիներ՝ 2,0-2,3 գ քաշով, որոնք լայն շրջանառվում էին նաև Պարսկաստանի տարածքում, և պղնձե կես բիստիներ: Այդ ժամանակաշրջանում Ղարաբաղի տարածքում գլխավոր դրամահատարանը գտնվում էր Շուշիում:


1828 թ. Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելուց հետո Հայաստանում շրջանառության մեջ են մտնում ռուսական ոսկե, արծաթե և պղնձե դրամական թողարկումները։ Առաջին անգամ սկսում են կիրառվել կայսերական թղթադրամները, իսկ Փետրվարյան հեղաշրջումից հետո (1917 թ.)՝ նաև Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության թղթադրամները, ինչը, ըստ էության, հայկական թղթադրամների պատմության սկիզբն էր։
Ահա հայապահպան ժառանգության կարևորագույն շիվերից մեկի ողջ պատմությունը, որն իր անգնահատելի հետքն է թողել մեր ժողովրդի ինքնության վրա։


Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Արշամ Ա,  Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության թագավոր
  • Արտաշատ քաղաքի պնղձե դրամ
  • Արտաշես II (Ք.ա. 30-20 թթ.), պղնձե դրամ
  • Արտավազդ II, Արտաշեսյան թագ․,արծաթե դրախմա (2)
  • Լևոն I (1198-1219 թթ.), Կիլիկյան թագ․, արծաթե դրամ
  • Կյուրիկե II Բագրատունի(1048-1089 թթ.), պղնձե մետաղադրամ
  • Հեթոմ Ա, (1226-1269 թթ.) Կիլիկյան թագ․,արծաթե դրամ
  • Տիգրան Երկրորդ Մեծ, Արտաշեսյան թագ, արծաթե տետրադրախմա
Դիտվել է՝ 33579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ